ՍԱՂՄՈՍ 77:1-20 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Իդիթունի վերայ. Ասափի Սաղմոս։ Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. Եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կ’լսէ ինձ։

2Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. Իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. Իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։

3Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. Միտք եմ անում եւ հոգիս նուաղում է. (Սէլա։)

4Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. Խռովուած եմ եւ չեմ կարող խօսիլ։

5Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները։

6Յիշում եմ գիշերումը իմ երգելը. խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում։

7Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կ’գցէ, եւ այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ։

8Մի՞թէ յաւիտեան կ’վերջանայ նորա ողորմութիւնը, եւ նորա խօսքը կ’պակասի՞ ազգից մինչեւ ազգ։

9Մի՞թէ մոռացաւ Աստուած շնորհք ցոյց տալ. Մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը։ (Սէլա։)

10Բայց ես ասում եմ՝ սա իմ ցաւն է. Փոխելը Բարձրելոյն ձեռքին է։

11Յիշում եմ Տիրոջ գործերը. Որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։

12Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։

13Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։

14Դու ես Աստուած որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։

15Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը։ (Սէլա։)

16Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. Եւ անդունդները սարսափեցան։

17Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ քո նետերը գնացին։

18Քո որոտմունքի գոռոցը երկնքի պտոյտներումն՝՝ էր. փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. երկիրը դղրդաց եւ դողաց։

19Քո ճանապարհը ծովումն էր, եւ քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չ’յայտնուեցան։

20Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը։

>