1Ասափի Երգ։ Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը։
2Ես առակով կ’բանամ բերանս, դուրս կ’բղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը։
3Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։
4Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։
5Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. Այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը։
6Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կ’ծնուին. Վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։
7Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չ’մոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն։
8Եւ իրանց հայրերի նման չ’լինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չ’պատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ։
9Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը։
10Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։
11Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց։
12Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը։
13Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց։
14Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։
15Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ։
16Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս։
17Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը։
18Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար։
19Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը։
20Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. Մի՞թէ հաց էլ կարող է տալ. Մի՞թէ միս կ’պատրաստէ իր ժողովրդի համար։
21Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կրակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.
22Որ չ’հաւատացին Աստուծուն եւ չ’յուսացան նորա փրկութեանը։
23Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ։
24Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. Եւ երկնքի ցորենը տուաւ նորանց։
25Մարդ՝ հրեշտակների հաց կերաւ. Նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով։
26Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. Եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին։
27Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ,
28Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը։
29Եւ կերան եւ խիստ կշտացան. Եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց։
30Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,
31Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին։
32Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չ’հաւատացին նորա հրաշքներին։
33Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. Եւ նորանց տարիները՝ ահ ու վախով։
34Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում։
35Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է։
36Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան։
37Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. Եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը։
38Բայց նա ողորմած էր. Քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. Եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը։
39Նա յիշում էր որ նորանք մարմին են, քամի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում։
40Քանի՜ անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։
41Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին։
42Չ’յիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։
43Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. Եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը։
44Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չ’կարացին խմել։
45Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց։
46Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին։
47Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով։
48Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին։
49Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։
50Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. Նորանց անձները չ’պահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին։
51Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը։
52Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը։
53Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չ’վախեցան. Եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին։
54Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ։
55Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. Եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը։
56Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չ’պահեցին նորա վկայութիւնները։
57Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս։
58Եւ նորան բարկացրին իրանց բարձրաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան։
59Աստուած լսեց եւ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին։
60Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ։
61Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը։
62Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ։
63Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չ’երգեցին։
64Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չ’կարացին սուգ անել։
65Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. Ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում է։
66Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. Յաւիտեան նախատինք արաւ նորանց։
67Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. Եւ Եփրեմի ցեղը չ’ընտրեց։
68Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց։
69Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. Ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան։
70Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը։
71Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կառավարէ։
72Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. Եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց։