ՍԱՂՄՈՍ 80:1-19 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Շօշանիմ էտութով. Ասափի Սաղմոս։ Ով Իսրայէլի Հովիւ, ականջ դիր. Դու՝ որ Յովսէփին առաջնորդում ես հօտի պէս, որ նստում ես քերովբէների վերայ՝ փայլիր։

2Եփրեմի եւ Բենիամինի եւ Մանասէի առաջին զարթնացրու քո զօրութիւնը. Եկ մեզ ապրեցնելու համար։

3Ով Աստուած, ետ դարձրու մեզ։ Եւ փայլեցրու քո երեսը՝ եւ կ’ապրինք.

4Տէր՝ Զօրաց Աստուած, մինչեւ ե՞րբ կ’բարկանաս քո ժողովրդի աղօթքի վերայ։

5Արտասուքի հաց ես ուտեցնում նորանց, եւ արտասուք ես խմեցնում նորանց մեծ չափով։

6Մեզ կռուի պատճառ ես դնում մեր դրացիների համար, եւ մեր թշնամիները ծաղր են անում մեր վերայ։

7Ով Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, եւ փայլեցրու քո երեսը եւ կ’ապրինք։

8Մի որթ փոխադրեցիր Եգիպտոսիցը, ազգեր դուրս հանեցիր եւ նորան տնկեցիր։

9Ճանապարհ պատրաստեցիր նորա առաջին, եւ նորա արմատները հաստատեցիր եւ նա լցրեց երկիրը։

10Սարերը ծածկուեցան նորա շուքովը, եւ Աստուծոյ մայրերի պէս են նորա ճիւղերը։

11Նորա ոստերը երկարացրիր մինչեւ ծովը, եւ նորա ճիւղերը մինչեւ Գետը։

12Ի՞նչու քանդեցիր հիմա նորա պատը, որ բոլոր ճանապարհովը անցնողները քաղեն նորան։

13Անտառի խոզը ապականում է նորան, եւ վայրի գազանը արածում է նորանում։

14Ով Զօրաց Աստուած, դարձիր երկնքիցը նայիր եւ տես, եւ տես եկ այս որթին.

15Եւ նոր բուսած ճիւղին, որ քո աջը տնկեց նորան, եւ այն որդիին որ նորան զօրացրիր քեզ համար։

16Այրուած է՝ կրակով կտրուած. քո երեսի սաստելուցը կորչում են։

17Թող ձեռքդ քո աջի մարդի վերայ լինի, մարդի որդիի վերայ՝ որ նորան զօրացրիր քեզ համար։

18Ապա ետ չենք քաշուիլ քեզանից. Կենդանացրու մեզ, եւ քո անունովը կ’կանչենք։

19Տէր՝ Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, փայլեցրու քո երեսը եւ կ’ապրինք։

>