1Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Ասափի (Սաղմոս)։ Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. Ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը։
2Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ։
3Փող փչեցէք ամսի գլխումը. Լրացած լուսնի ժամանակին, մեր տօնի օրումը։
4Որովհետեւ այս հրաման է Իսրայէլին, եւ Յակոբի Աստուծուն իրաւունք։
5Վկայութիւն դրաւ Յովսէփի մէջ՝ երբոր նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դէմ. լեզու էի լսում, որ չ’գիտէի։
6Եւ նորա թիկունքը հեռացրի բեռնիցը, եւ նորա ձեռքերը պրծան քթոցիցը։
7Դու նեղութիւնումը կանչեցիր, եւ փրկեցի քեզ. Լսեցի քեզ որոտմունքի ծածկոցումը. փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մօտ։ (Սէլա։)
8Լսիր, իմ ժողովուրդ, եւ կ’վկայեմ քեզ. Ով Իսրայէլ, երանի՜ թէ լսէիր ինձ։
9Օտար Աստուած չ’լինի քո միջումը. Եւ երկրպագութիւն չ’անես օտար Աստուծոյ։
10Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. լայն բաց արա քո բերանը՝ եւ ես կ’լեցնեմ դորան։
11Բայց իմ ժողովուրդը չ’լսեց իմ ձայնը, եւ Իսրայէլը չ’հաւանեց ինձ։
12Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։
13Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար,
14Շուտով կ’խոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կ’դարձնէի նորանց նեղացնողների դէմ։
15Տիրոջն ատողները կ’խոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կ’լինէր։
16Նա կ’կերակրէր նորան պարարտ ցորենով, եւ վէմիցը կ’կշտացնէի քեզ մեղրով։