ՍԱՂՄՈՍ 83:1-18 ABA1910 - Bible AI

1Երգ. Ասափի սաղմոս։ Ով Աստուած, լուռ մի կենար. Անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։

2Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։

3Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. Եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ։

4Ասում են՝ Եկէք կորցնենք, որ ազգ չ’լինին. Եւ էլ չ’յիշուի Իսրայէլ անունը։

5Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին։

6Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.

7Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։

8Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ. Օգնում են Ղովտի որդկանցը։ (Սէլա։)

9Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։

10Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ։

11Արա նորանց իշխաններին Օրէբի եւ Զէբի նման. Եւ նորանց ամեն մեծաւորներին Զէբէէի եւ Սաղմանայի նման։

12Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին։

13Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին։

14Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ ինչպէս որ բոցը խանձում է սարերը.

15Այնպէս հալածիր նորանց քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը։

16Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր։

17Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.

18Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. Դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ։

>