ՍԱՂՄՈՍ 85:1-13 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Տէր, դու հաւանեցիր քո երկրին. դարձրիր Յակոբի գերութիւնը։

2Քո ժողովրդի անօրէնութիւնը ներեցիր, եւ նորանց ամեն մեղքերը ծածկեցիր։ (Սէլա։)

3Հեռի արիր քո ամեն սրտմտութիւնը. ետ դարձար քո բարկութեան բորբոքուելուցը։

4Դարձրու մեզ, ով մեր փրկութեան Աստուած, եւ դադարիր քո բարկութիւնիցը որ մեզ վերայ է։

5Մի՞թէ յաւիտեան կ’բարկանաս մեզ վերայ. Քո բարկութիւնը կ’երկարացնե՞ս ազգից մինչեւ ազգ։

6Մի՞թէ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, եւ քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով։

7Ցոյց տուր մեզ, Տէր, քո ողորմութիւնը. Եւ տուր մեզ քո փրկութիւնը։

8Թող լսեմ թէ ինչ կ’խօսի Տէր Աստուածը, նա խաղաղութիւն կ’խօսի իր ժողովրդի եւ իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ.

9Իրաւի որ նորա փրկութիւնը մօտիկ է նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը։

10Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կ’հանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կ’համբուրեն։

11Ճշմարտութիւն կ’բուսնի երկրից, եւ արդարութիւն վայր կ’նայի երկնքիցը։

12Տէրը բարիք էլ կ’տայ, եւ մեր երկիրը կ’տայ իր պտուղը։

13Արդարութիւնը նորա առաջից կ’գնայ, եւ նա իր քայլերը կ’դնէ նորա ճանապարհի վերայ։

>