1Երգ. Կորխի որդկանց Սաղմոս. Երգողների գլխաւորին Մախալաթ լէանօթի վերայ. Եզրահեցի Եմանի երգ։ Ով Տէր՝ իմ փրկութեան Աստուած, ցերեկը կանչում եմ, եւ գիշերը քո առաջին եմ։
2Թող իմ աղօթքը քո առաջը գայ. Խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը։
3Որովհետեւ իմ անձը լցուեցաւ չարիքներով, եւ կեանքս մօտեցաւ դժոխքին։
4Ես գերեզմանի մէջ իջնողների հետ համարուեցայ. Եղայ ինչպէս մի մարդ որ ոյժ չ’ունի։
5Մեռելների մէջ թուլացածի պէս եմ. Ինչպէս խոցուածներ, որ գերեզմանումը ընկած են, որ նորանց այլ եւս չես յիշում, եւ երեսից գցուած են քո ձեռքիցը։
6Դու ինձ ներքի փոսի մէջ դրիր՝ խաւար եւ խոր տեղերի մէջ։
7Քո սրտմտութիւնը հաստատուեցաւ ինձ վերայ, եւ քո ալիքներովը նեղեցիր ինձ։ (Սէլա։)
8Իմ ճանաչներին հեռացրիր ինձանից եւ ինձ գարշելի արիր նորանց համար. փակուած եմ եւ չեմ դուրս գալիս։
9Աչքս մաշուեցաւ խեղճութեան պատճառով. Կանչում եմ դէպի քեզ, Տէր, բոլոր օրը. մեկնում եմ իմ ձեռքը դէպի քեզ։
10Մի՞թէ մեռելների վերայ ես հրաշք անելու. Մի՞թէ մահացածները վեր կ’կենան եւ քեզանից կ’գոհանան։ (Սէլա։)
11Մի՞թէ գերեզմանումը կ’պատմեն քո ողորմութիւնը, եւ քո ճշմարտութիւնը կորստի մէջ։
12Մի՞թէ խաւարի մէջ կ’ճանաչուին քո հրաշքները, եւ արդարութիւնը մոռացութեան երկրումը։
13Բայց ես դէպի քեզ եմ աղաղակում, Տէր. Եւ իմ աղօթքը կանուխ առաւօտանց գալիս է քեզ մօտ։
14Տէր, ի՞նչու ես իմ անձը երեսից գցում. երեսդ թագցնո՞ւմ ես ինձանից։
15Ես աղքատ եմ եւ մեռնում եմ իմ մանկութիւնիցը. քո զարհուրանքը քաշեցի, եւ յոյսս կտրուած է։
16Քո սրտմտութիւնը հասաւ ինձ վերայ, քո զարհուրանքները կորցնում են ինձ։
17Նորանք ամեն օր ջրի նման պատում են ինձ. պատում են ինձ մէկ տեղ։
18Դու հեռացրիր ինձանից բարեկամիս եւ մօտաւորիս. Իմ ճանաչները խաւարի մէջ են։