ՍԱՂՄՈՍ 89:1-52 ABA1910 - Bible AI

1Եզրահեցի Եթանի Երգ։ Յաւիտեան կ’օրհնեմ Տիրոջ ողորմութիւնը. ազգից ազգ կ’պատմեմ իմ բերանովը քո ճշմարտութիւնը։

2Որովհետեւ ես ասեցի՝ Ողորմութիւնը յաւիտեան հիմնուած է, դու երկնքումը հաստատում ես քո ճշմարտութիւնը։

3Ես ուխտ դրի իմ ընտրուածի հետ. երդում արի իմ Դաւիթ ծառայի համար։

4Մինչեւ յաւիտեան կ’հաստատեմ քո զաւակը, եւ ազգից ազգ կ’հիմնեմ քո աթոռը։ (Սէլա։)

5Եւ երկինքը կ’փառաւորեն քո հրաշքները, Տէր. Եւ սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտութիւնը։

6Որովհետեւ ո՞վ կայ երկնքումը՝ որ հաւասար լինի Տիրոջը, եւ աստուածների որդկանց մէջ, որ նման լինի Տիրոջը։

7Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ։

8Ով Եհովայ՝ Զօրաց Աստուած, ո՞վ է քեզ պէս զօրաւոր Տէր. Եւ քո ճշմարտութիւնը քո չորս կողմովն է։

9Դու տիրապետում ես ծովի զօրութեան վերայ. Երբոր բարձրանում են նորա կոհակները՝ դու խոնարհեցնում ես նորանց։

10Դու փշրեցիր Ռահաբին խոցուածի նման, քո բազուկի զօրութիւնովը ցրուեցիր քո թշնամիներին։

11Քո են երկինքը, քո է նաեւ երկիրը. Դու հիմնեցիր աշխարհքը եւ նորա լիութիւնը։

12Դու արիր հիւսիսը եւ հարաւը. Թափօրն ու Հերմոնը ցնծում են քո անունովը։

13Քո է ուժեղ բազուկը. Քո ձեռքը զօրաւոր է եւ քո աջը բարձր։

14Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից.

15Երանի այն ժողովրդին, որ գիտէ փողերի ձայնը. Ով Տէր, նորանք քո երեսի լուսովը կ’գնան։

16Քո անունովն ամեն օր կ’ցնծան, եւ քո արդարութիւնովը կ’բարձրանան։

17Որովհետեւ դու ես նորանց զօրութեան փառքը. Եւ քո հաճութիւնովը կ’բարձրանայ մեր եղջիւրը։

18Որովհետեւ Տէրը մեր վահանն է եւ Իսրայէլի սուրբը՝ մեր թագաւորը։

19Այն ժամանակը տեսիլքով խօսեցիր քո սուրբի հետ. Եւ ասեցիր՝ Օգնութիւն դրի զօրաւորի վերայ. բարձրացրի ընտրուածին ժողովրդի միջիցը։

20Իմ Դաւիթ ծառային գտայ, իմ սուրբ իւղովն օծեցի նորան.

21Որ իմ ձեռքը կ’հաստատէ նորան, եւ բազուկս կ’զօրացնէ նորան։

22Թշնամին չի նեղացնիլ նորան, եւ անօրէնութեան որդին չի չարչարիլ նորան։

23Բայց ես կ’փշրեմ նորա թշնամիներին նորա երեսի առաջին, եւ կ’զարկեմ նորա ատողներին։

24Եւ իմ ճշմարտութիւնն ու իմ ողորմութիւնը նորա հետ կ’լինի, եւ իմ անունովը կ’բարձրանայ նորա եղջիւրը։

25Եւ նորա ձեռքը կ’դնեմ ծովի մէջ, եւ նորա աջ ձեռքը գետերի մէջ։

26Նա դէպի ինձ կ’կանչէ, Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ իմ փրկութեան Վէմ։

27Եւ ես առաջինեկ կ’դնեմ նորան՝ երկրի թագաւորների վերայ բարձրացած.

28Յաւիտեան կ’պահեմ նորա համար իմ ողորմութիւնը. Եւ իմ ուխտը հաւատարիմ կ’լինի նորա հետ։

29Եւ ես յաւիտեան կ’հաստատեմ նորա զաւակին. Եւ նորա աթոռը ինչպէս երկնքի օրերը։

30Եթէ նորա որդիքն իմ օրէնքը թողեն, եւ իմ իրաւունքի մէջ չ’գնան,

31Եթէ նորանք իմ հրամաններն անարգեն, եւ իմ պատուիրանքները չ’պահեն.

32Ապա գաւազանով կ’պատժեմ նորանց անօրէնութիւնը, եւ ծեծելով նորանց անիրաւութիւնը։

33Բայց իմ ողորմութիւնը չեմ կտրիլ նորանից, եւ իմ հաւատարմութիւնը չեմ դրժիլ։

34Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխիլ։

35Մէկ անգամ երդում եմ արել իմ սրբութիւնովը, թէ սուտ չեմ ասիլ Դաւիթին։

36Նորա զաւակը յաւիտեան պիտի լինի, եւ նորա աթոռը ինչպէս արեգակն իմ առաջին։

37Ինչպէս լուսինը յաւիտեան հաստատ պիտի լինի, եւ ինչպէս վկան ամպերումը՝ հաւատարիմ։ (Սէլա։)

38Բայց հիմա երեսից գցեցիր եւ անարգեցիր, բարկացար քո օծեալին վերայ։

39Քո ծառայի ուխտը փչացրիր. նորա պսակը գետնի տալով պղծեցիր։

40Նորա ամեն պարիսպները քանդեցիր, նորա ամուր տեղերն աւերակ արիր։

41Բոլոր ճանապարհովը անցնողները կողոպտում են նորան. նա նախատինք եղաւ իր հարեւանների առաջին։

42Նորա նեղացնողների աջ ձեռքը բարձրացրիր. Նորա ամեն թշնամիներին ուրախացրիր։

43Նաեւ նորա սրի բերանը ետ դարձրիր, եւ պատերազմի մէջ չ’հաստատեցիր նորան։

44Նորա փառաւորութիւնը հանգեցրիր, եւ նորա աթոռը գետինը գցեցիր։

45Նորա երիտասարդութեան օրերը կարճեցրիր, ամօթով ծածկեցիր նորան։ (Սէլա։)

46Տէր, մինչեւ ե՞րբ կ’թագցնես քո անձը, եւ քո սրտմտութիւնը կրակի պէս կ’բորբոքուի՞։

47Յիշիր թէ ի՜նչ անցաւոր եմ, եւ քանի՜ ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիքը։

48Ո՜վ է այն մարդը որ ապրի եւ մահ չ’տեսնէ. Եւ իր անձը դժոխքի ձեռիցը փրկէ։ (Սէլա։)

49Ո՞ւր է քո առաջի ողորմութիւնը, Տէր. որ երդում արիր Դաւիթին քո ճշմարտութիւնովը։

50Յիշիր, Տէր, քո ծառաների նախատինքը, որ իմ ծոցումը քաշում եմ ամեն զօրաւոր ազգերիցը.

51Որ նորանով քո թշնամիներն անարգում են, Տէր, որ նորանով անարգում են քո օծեալի քայլերը։

52Օրհնեալ է Տէրը յաւիտեան։ Ամէն եւ ամէն։

>