ՍԱՂՄՈՍ 90:1-17 ABA1910 - Bible AI

1Աստուծոյ մարդ Մովսէսի Աղօթք։ Ով Տէր, դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ։

2Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։

3Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ ետ դարձէք, մարդկանց որդիք։

4Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. Եւ ինչպէս մին պահ գիշերումը։

5Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. ինչպէս խոտ, որ առաւօտանց կանանչանում է։

6Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. Իրիկունը կտրվում է եւ չորանում։

7Որովհետեւ մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք։

8Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ.

9Որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. Մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք։

10Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. Որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք։

11Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս։

12Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։

13Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. խղճացիր քո ծառաների վերայ։

14Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։

15Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. Այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք։

16Թող երեւի քո ծառաներին քո գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը։

17Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ. Եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր։

>