ՍԱՂՄՈՍ 91:1-16 ABA1910 - Bible AI

1Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։

2Ես կ’ասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։

3Որովհետեւ նա կ’փրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։

4Նա կ’ծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կ’լինիս. Նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։

5Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. Այն նետիցը որ թռչում է ցերեկը։

6Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. Այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։

7Հազար հոգի քո կողմիցը կ’ընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. Բայց քեզ չի մօտենալ։

8Միայն քո աչքերովը կ’նայիս, եւ ամբարիշտների հատուցումը կ’տեսնես։

9Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. Դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր.

10Քեզ չար բան չի հասնիլ. Եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։

11Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։

12նորանք ձեռների վերայ կ’առնեն քեզ, որ քո ոտը քարի չ’դպցնես։

13Առիւծների եւ իժերի վերայ կ’գնաս. Առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կ’տաս։

14Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կ’փրկեմ նորան. Ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։

15Նա կ’կանչէ դէպի ինձ՝ եւ ես կ’լսեմ նորան. ես նորա հետ կ’լինիմ նեղութեան մէջ. Կ’ապրեցնեմ նորան եւ փառաւոր կ’անեմ նորան։

16Երկայն օրերով կ’կշտացնեմ նորան. Եւ իմ փրկութիւնը ցոյց կ’տամ նորան։

>