1Ով Տէր՝ վրէժխնդրութեան Աստուած, ով վրէժխնդրութեան Աստուած, յայտնուիր։
2Բարձրացիր, ով երկրի Դատաւոր, հատուցում տուր ամբարտաւաններին։
3Ով Տէր, ամբարիշտները՝ մինչեւ ե՞րբ, ամբարիշտները մինչեւ ե՞րբ կ’պարծենան։
4Նորանք բղխում եւ խօսում են գոռոզ բաներ. Բոլոր անօրէնութիւն գործողները պարծենում են։
5Տէր, նորանք կոխ են տալիս քո ժողովուրդը. Եւ նեղացնում են քո ժառանգութիւնը։
6Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. Եւ որբերին կոտորում են.
7Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում։
8Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. Եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կ’հասկնաք։
9Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. Կամ թէ աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ։
10Մի՞թէ ազգերը խրատողը չի յանդիմանիլ. Նա որ մարդիս գիտութիւն է սովորեցնում։
11Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ունայն են։
12Երանի այն մարդին որ դու խրատում ես նորան, ով Տէր. Եւ քո օրէնքիցը սովորեցնում ես նորան.
13Որ հանգստացնես նորան չարութեան օրերիցը. Մինչեւ որ հոր փորուի ամբարշտի համար։
14Որովհետեւ Տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը։
15Որ դատաստանը դէպի արդարութիւն դառնայ. Եւ նորա ետեւից կ’գնան բոլոր սրտով ուղիղները։
16Ո՞վ վեր կ’կենայ ինձ հետ չարերի դէմ. Ո՞վ ինձ հետ կ’կանգնի նորանց դէմ որ անօրէնութիւն են գործում։
17Եթէ Տէրն օգնութիւն չ’լինէր ինձ, քիչ կ’մնար որ իմ անձը լռութեան մէջ բնակուէր։
18Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։
19Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ։
20Մի՞թէ անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ չարիք է շինում հրամանի դէմ։
21Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, եւ անմեղի արիւնը դատապարտում։
22Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։
23Եւ նա նորանց կ’հատուցանէ իրանց անօրէնութեան պէս. Եւ իրանց չարութիւնովը կ’ջնջէ նորանց. Մեր Տէր Աստուածը կ’ջնջէ նորանց։