ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2:1-30 ABA1910 - Bible AI

1Արդ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ սէրի սփոփութիւն, եթէ Հոգու հաղորդութիւն, եթէ գթածութիւն եւ ողորմութիւն.

2Ապա լցրէք իմ ուրախութիւնը, որ նոյն միտքն ունենաք, նոյն սէրն ունենալով, միաշունչ մի եւ նոյնը խորհէք։

3Ոչ մի բան չ’լինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծութինով. այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ։

4Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չ’տաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ։

5Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր.

6Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել։

7Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով.

8Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։

9Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է.

10Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների,

11Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։

12Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպէս ամեն ժամանակ հնազանդեցիք՝ ոչ միայն իմ ներկայութիւնումը, այլ հիմա էլ աւելի իմ բացակայութիւնումը, ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը։

13Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս։

14Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի եւ վիճաբանութիւնների։

15Որ լինիք անբիծ եւ անարատ՝ որդիք Աստուծոյ առանց մեղադրանքի այն կամակոր եւ ծռած ազգի մէջ. որոնց միջումը երեւիք ինչպէս լոյս տուողներ աշխարհքի մէջ.

16Կեանքի խօսքը պահելով ինձ պարծանք լինելու համար Քրիստոսի օրումը. որ զուր տեղը չ’վազեցի, եւ զուր չ’աշխատեցի։

17Բայց թէեւ ընծայուիմ ձեր հաւատքի պատարագի եւ պաշտամունքի վերայ՝ ուրախ եմ, եւ ձեր ամենի հետ ուրախանում եմ։

18Այնպէս էլ դուք ուրախ եղէք, եւ ինձ հետ ուրախացէք։

19Բայց յոյս ունիմ Տէր Յիսուսումը, որ Տիմոթէոսին շուտով ուղարկեմ ձեզ մօտ, որ սիրտս էլ հանգստանայ, երբոր ձեր վիճակն իմանամ։

20Վասնզի մէկը չ’ունիմ միասիրտ, որ մտերմաբար հոգս տանէ ձեզ համար։

21Վասնզի ամենքն իրանց բաներն են որոնում եւ ոչ թէ Յիսուս Քրիստոսինը։

22Բայց դուք գիտէք նորա ընտիր լինելը, որ ինչպէս մի որդի իր հօրը՝ այնպէս ինձ հետ ծառայեց աւետարանին։

23Ուրեմն յոյս ունիմ որ սորան ուղարկեմ իսկոյն, երբոր իմ անձի մասին կ’տեղեկանամ։

24Բայց վստահ եմ Տէրումը, որ ինքս էլ շուտով գամ։

25Միայն հարկաւոր համարեցի՝ որ Եպափրոդիտոս եղբօրը՝ գործիս եւ զինուորութեանս ընկերին, այն ձեր առաքեալին, եւ իմ պէտք լինող բաների պաշտօնեային ուղարկեմ ձեզ մօտ։

26Վասնզի ինքն էլ խիստ փափաք ունէր ձեզ ամենիդ տեսնելու եւ հոգս էր քաշում՝ որ լսել էիք թէ նա հիւանդացաւ։

27Եւ իրաւի որ հիւանդացաւ մերձ ի մահ, բայց Աստուած ողորմեց նորան. Ոչ միայն նորան, այլ ինձ էլ, որ տրտմութիւն տրտմութեան վերայ չ’ունենամ։

28Ուրեմն աւելի շտապով ուղարկեցի նորան, որ տեսնելով նորան դարձեալ ուրախ լինիք, եւ ես էլ առանց տրտմութեան լինեմ։

29Արդ ընդունեցէք նորան Տէրումն ամեն ուրախութիւնով, եւ այնպիսիներին պատուական համարեցէք։

30Վասն զի Քրիստոսի գործի համար մինչեւ մահի մօտեցաւ. Իր անձը վտանգի մէջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասութիւնը լրացնէ։

cle>