1Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։
2Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։
3Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։
4Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։
5Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում.
6Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ.
7Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։
8Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի։
9Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. Եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։
10Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կ’խափանուի։
11Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։
12Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. Հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կ’գիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։
13Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։