1Եւ ես, եղբարք, չ’կարողացայ ձեզ հետ խօսել ինչպէս հոգեւորների հետ, այլ ինչպէս մարմնաւորների հետ, ինչպէս մանուկների հետ Քրիստոսումը.
2Կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թէ կերակուր. որովհետեւ տակաւին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող։
3Որովհետեւ տակաւին մարմնաւոր էք. վասնզի տակաւին նախանձ եւ կռիւ եւ բաժանումներ կան ձեզանում. Չէ՞ որ մարմնավոր էք եւ մարդկօրէն էք վարվում։
4Որովհետեւ երբոր մէկն ասէ, Ես Պօղոսեան եմ, եւ միւսը Ես Ապողոսեան. Չէ՞ որ մարմնավոր էք։
5Արդ ո՞վ է Պօղոսը կամ ո՞վ է Ապողոսը. միայն պաշտօնեաներ, որոնց ձեռովը հաւատացիք. եւ ամեն մէկին՝ ինչպէս Տէրը տուաւ։
6Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց։
7Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. Բայց աճեցնող Աստուածը։
8Տնկողը եւ ջուր տուողը մէկ են. բայց ամեն մէկն իր վարձքը կ’առնէ իր աշխատանքի չափովը։
9Որովհետեւ մենք Աստուծոյ գործակիցներ ենք. Դուք Աստուծոյ մշակութիւնը՝ Աստուծոյ շինուածն էք։
10Աստուծոյ շնորհքի չափովը՝ որ ինձ տրուած է, իմաստուն ճարտարապետի պէս հիմք դրի. Բայց ուրիշը շինում է. միայն թէ ամեն մէկը մտիկ տայ թէ ինչպէս է շինում։
11Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ քան թէ որ դրուած է, որ է Յիսուս Քրիստոսը։
12Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն.
13Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. որ օրը կ’երեւեցնէ. որովհետեւ կրակով պիտի յայտնուի. Եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կ’փորձէ։
14Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, վարձք կ’առնէ.
15Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կ’քաշէ բայց ինքը կ’ապրէ. այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով։
16Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։
17Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կ’ապականէ. Որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք։
18Ոչ ով իր անձը չ’խաբէ. Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ իմաստուն է այս աշխարհքումը, թող նա յիմար լինի՝ որ իմաստուն լինի։
19Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին. Վասնզի գրուած է՝ թէ իմաստուններին բռնում է իրանց խորագիտութեան մէջ։
20Եւ դարձեալ թէ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են։
21Ուրեմն ոչ ով չ’պարծենայ մարդկանցով.
22Որովհետեւ ամեն բան ձերն է. Թէ Պօղոսը, թէ Ապողոսը, թէ Կեփասը, թէ աշխարհքը, թէ կեանքը, թէ մահը, թէ ներկայ բաները, թէ գալու բաները, ամեն բան ձերն է։
23Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստուծունը։