1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 5:1-13 ABA1910 - Bible AI

1Առ հասարակ լսվում է ձեր մէջ պոռնկութիւն, եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կայ, այնպէս որ մէկն իր հօր կինն ունենայ։

2Եւ դուք հպարտացած էք՝ եւ աւելի սուգ չէ՞ք մտնում՝ որ ձեր միջիցը վեր առնուի նա, որ այն բանը գործեց։

3Որովհետեւ ես՝ թէ եւ մարմնով բացակայ եմ բայց հոգով ներկայ՝ արդէն վճռել եմ ներկայ լինողի պէս՝ նորան, որ այնպիսի բան գործեց,

4Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը՝ ձեր եւ իմ հոգու մէկ տեղ ժողովուելու ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան հետ,

5Այնպիսին մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։

6Ձեր պարծանքը լաւ չէ. Չ’գիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։

7Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը։

8Ուստի տօն կատարենք ոչ թէ հին խմորով, եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորովը, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չ’խմորուածովը։

9Գրեցի ձեզ թղթումը՝ չ’խառնուիլ պոռնիկների հետ։

10Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք։

11Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել։

12Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք։

13Իսկ դրսիններին Աստուած կ’դատէ. բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք։

article>